Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունն առանձին հանդիպումներ կունենա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտարարել է Սինգապուրի արտաքին գործերի նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը նախատեսված է հունիսի 10-ին, իսկ ԱՄՆ նախագահի հետ բանակցությունները՝ հունիսի 11-ին։

Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Սենտոսա կղզու Capella հյուրանոցում։

Bloomberg գործակալության աղբյուրների տվյալներով, Թրամփը նախատեսում է սկզբում կարճ զրույց ունենալ Կիմ Չեն Ընի հետ առանց երկու երկրների պատվիրակության մյուս անդամների ներկայության։

Նրանց հետ այդ պահին սենյակում կգտնվեն միայն թարգմանիչները։

Հանդիպումը կմեկնարկի երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 09։00-ին եւ նախատեսվում է ավարտել հենց նույն օրը։