Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներն ապակողմնորոշել են իրավապահ մարմիններին` որպես «կենդանի ռումբ» օգտագործելով ոչ թե կնոջ, այլ` տղամարդու, հաղորդել է «Интерфакс»-ի աղբյուրն իրավապահ մարմիններում:

«Նախկինում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունների մեծ մասն իրականացրել են Հյուսիսային Կովկասի սպանված կամ ազատազրկված գրոհայինների կանայք», - նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով, Ռուսաստանի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները մշակել են նման հանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեթոդ` վերահսկելով ենթադրյալ մահապարտուհիների տեղաշարժը:

«Տվյալ դեպքում հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը եւս ունեցել են օպերատիվ տեղեկություններ հնարավոր ահաբեկչության մասին, որոնք կարող են իրականացնել կանայք, սակայն «Դոմոդեդովո» օդանավակայանում ռումբը պայթեցրել է տղամարդ», - ասել է «Интерфакс»-ի աղբյուրը: