Առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում «կարգոների» նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել եւ քննվում են քրեական գործեր՝ Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ, մեծածախ եւ մանրածախ եղանակներով իրացմամբ, ինչպես նաեւ երրորդ երկրներից ներմուծված ապրանքների՝ ԵՏՄ անդամ պետություններ արտահանմամբ զբաղվող «Սարգսյան Իմպորտ» եւ «Արմ Ընդ Ման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Սարգսյան Իմպորտ» եւ «Արմ Ընդ Ման» ընկերությունները՝ այսպես կոչված «կարգոները», զբաղվել են տարբեր տնտեսվարողներին պատկանող բեռների Հայաստան տեղափոխմամբ եւ դրանց մաքսազերծմամբ:

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ «Արմ Ընդ Ման» ընկերության իրական սեփականատերը հանդիսացել է Երեւանի Թումանյան փողոցի 1/2 հասցեում գործող «Երեւան Տուր» անվամբ տուրիստական ընկերության հիմնադիր Կարլեն Մկրտչյանը, իսկ «Սարգսյան Իմպորտ» ընկերության սեփականատերը՝ Երեւանի Սարյան փողոցի 25 հասցեում գործող «Բագրատուր» ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը:

Քրեական գործերի շրջանակում, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա, շուրջ 10 հասցեներում կատարվել են խուզարկություններ, այդ թվում՝ «Երեւան տուր» եւ «Բագրատուր» տուրիստանական ընկերությունների գրասենյակներում, որոնց ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող հաշվապահական հաշվառման փաստաթղթեր եւ գումար:

Քրեական գործերի շրջանակում բազմաթիվ անձինք հրավիրվել են հարցաքննության, ներկայում ձեռնարկվում են համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու եւ վերականգնելու ուղղությամբ: Նախնական հաշվարկով՝ պետությանը պատճառվել է ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս: Կատարվում է նախաքննություն: