Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները ֆրանսիական նոր ներդրումներ կբերեն Հայաստան: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերություններում իր մեծ դերն ունի խորհրդարանական դիվանագիտությունը եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ երկկողմ համագործակցությունը կշարունակի խորանալ:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի ու այդ համատեքստում կարեւորել միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում եւ հավելել, որ այն նպաստում է նաեւ ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ժակ Մարիլոսյանն ուրախությամբ է նշել, որ Հայաստանում գտնվելու արդեն առաջին իսկ օրը զգացել են մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունների շունչը, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Ըստ նրա, այդ մասին են վկայել նաեւ ՀՀ-ում գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆրանսիացի խորհրդարանականները տեղեկացրել են, որ ֆրանսիական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ հաշվի առնելով նաեւ մեր երկրի միջոցով ԵԱՏՄ եւ իրանական շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:

«Համոզված եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները ֆրանսիական նոր ներդրումներ կբերեն Հայաստան: Օտարերկրյա որեւէ ներդրող մեր երկրում որեւէ խնդիր չպետք է ունենա եւ պետք է գործի հավասար դաշտում: Գիտակցում ենք այն մեծ պատասխանատվությունը, որն ստանձնել ենք ժողովրդի առաջ ու այդ առումով ակնկալում ենք նաեւ մեր արտաքին գործընկերների աջակցությունը, որոնք շահագրգռված են Հայաստանում ժողովրդավարության եւ տնտեսության զարգացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ գործընկերների թվում է նաեւ Ֆրանսիան: Կառավարության ղեկավարն անդրադառնալով աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ վստահություն է հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:  

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ֆրանսիական պատվիրակության անդամների խնդրանքով վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային, մաքսային վարչարարության պարզեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերին:   

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետն ընդգծել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ շեշտել համապատասխան մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը: