Կարսի պայմանագիրը պետք է չեղյալ հայտարարենք։ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց։ Նա ասում է, որ եթե Կարսի պայմանագիրը չեղյալ չհայտարարենք, ապա պետք է սառեցնենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նախաստորագրված արձանագրությունները համարելով Կարսի պայմանագրի շարունակությունը՝ ԼՂՀ նախկին արտգործնախարարը կարծում է, որ միայն դրանից հրաժարվելը մեզ դուրս կբերի այս ծանր վիճակից, այլապես երկար ժամանակ մենք կկորցնենք մեր ինքնուրույնությունը եւ կընկնենք Թուրքիայի ազդեցության տակ։
Մելիքյանն այն համոզմունքին է, որ Ռուսաստանն էլ իր հերթին պետք է չեղյալ համարի Մոսկվայի եւ ուժը կորցրած ճանաչի Կարսի պայմանագիրը։
«Եթե մենք սրանցից չձերբազատվենք, դրանք շարունակելու են իրենց վատ ազդեցությունը», ասում է Արման Մելիքյանը։
Նա նաեւ կարծում է, որ արձանագրություններն այս վիճակով վերադարձնելը ճիշտ չի լինի։
Մելիքյանն այնուամենայնիվ այն համոզմունքին է, որ այս հանգամանքներում, նման մոտեցմամբ արձանագրությունները կստորագրվեն, ինչը կդառնա անդառնալի գործընթաց մեզ համար։
Արման Մելիքյանն ասում է, որ արձանագրությունները հնարավոր է գործիք դառնան ղարաբաղյան հարցում։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը այսօր դիտարկվում է ղարաբաղյան հարցի լուծման համատեքստում եւ ոչ թե հակառակը, սա շատ կարեւոր պնդում է, եթե Ղարաբաղյան հակամարտության հարցն արդեն իսկ կարգավորված լիներ, այսքան խնդիրներ չեր առաջանա հայ-թուրքական հարաբերությունների համար»։




























