«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը առողջություն է մաղթում քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բայց վերջին օրերի բուռն արձագանքը նրա մոտ հարցեր են առաջացնում։  Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ։

Նա հիշեցրեց Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութը, բայց ձեռնպահ մնաց որեւէ քննադատությունից. «Հաշվետու քաղաքականության հիմքը այն է, որ երբ մարդուց հրաժարական են պահանջում կամ լարված իրավիճակ է, քաղաքական գործչի հիմնական դերը այդ լարվածությունը թոթափելն է եւ հարցերին պատասխանելն է։ Երբ կա այսպիսի մեծ աղմուկ եւ չկա քաղաքապետի որեւէ արձագանք, հատկապես այս օրով, երբ եզակի դեպք է, որ նա նիստը չի վարում, սրանք հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ քաղաքապետն այդ հարցերին չի պատասխանում՝ եղե՞լ է հրաժարական, չի՞ եղել, ի՞նչ է նա պատրաստվում անել։ Կարծում եմ՝ արդար եւ ազնիվ կլինի, որ բոլոր մասնակից ուժերը, այդ թվում՝ ավագանու խմբակցությունները հասկանան, թե ինչ է իրենց սպասվում։ Այսպիսի փակ գործելաոճը չպետք է շարունակվի։ Երեւանի քաղաքացիներն էլ արժանի են հասկանալ, թե այս ավագանին որքան պետք է գործի»,–հայտարարեց Խաժակյանը։

Փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ արձագանքեց. «Ես հականում եմ Ձեր մտահոգությունը, բայց Ձեր ելույթում էլ կար այդ հարցի կարճ պատասխանը՝ չշտապել եւ ժամանակից առաջ չանցնել»։

Նշենք, որ Տարոն Մարգարյանը չի մասնակցում հունիսի 26-ի ավագանու նիստին։ Նիստը վարում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որն իր հերթին հայտնել է, որ քաղաքապետը առողջական խնդիրներ ունի։