Հայաստանում բարձր տեխնոլոգիաների խթանման համար հասարակական կոնսենսուս չկա: Այս մասին «Նոյան Տապան» տեղեկատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդման եթերում ասել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով, այդ պատճառով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների երբեմնի շատ զարգացած ոլորտները, ինչպիսիք են կենսատեխնոլոգիաները, կենսաինֆորմատիկան, լազերային տեխնիկան, արդյունաբերական չափումները, արդյունաբերական ավտոմատիկան, շատ դանդաղ են զարգանում:

 «UITE-ի նպատակը Հայաստանը վերակագնելն է, որպես բարձր տեխնոլոգիական երկրի, բարձր տեխնոլոգիական ընկերությունների համախմբումն է, բիզնեսի շահերի պաշտպանությունը ոչ միայն տեղեկատվական, այլեւ բարձր տեխնոլոգաիների ոլոտում եւ ընդհանուր առմամբ ոլորտի զարգացումը»,- նշել է Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով, բարձր տեխնոլոգիաների հավասարաչափ զարգացումը Հայաստանին անհրաժեշտ է առաջին հերթին այն պատճառով, որ երկիրը պատերազմական վիճակում է:

 «Այդ պատճառով մենք պետք է առաջատար դառնանք կրթության, ռազմական արդյունաբերության տեխնոլոգիական լուծումների կիրառման ոլորտում, էլեկտրոնային կառավարման համակարգում, եւ երիտասարդ գործարարների առջեւ պետք է կոնկրետ խնդիրներ դրվեն», - ասել է Միության ղեկավարը: