Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մտադրություն չունի հետեւել այլ քաղաքապետների օրինակին եւ հրաժարականի դիմում գրել։ NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետն ասել է, որ մշտապես աշխատել է ընդդիմադիրների վերահսկողության ներքո, այդ պատճառով ո՛չ պատկան մարմինների ստուգումներից է անհանգստանում, ո՛չ էլ հրաժարականի անհրաժեշտություն է տեսնում: 

«Ես չգիտեմ՝ ով ինչ նկատառումով է հրաժարական տալիս, բայց ես մտադրություն չունեմ։ Որեւէ խնդիր չեմ տեսնում, մենք մեր ամենօրյա քաղաքային խնդիրներով ենք զբաղված։ Այս պահին որեւէ մտադրություն ու ակնարկ չկա այդ մասին»,- ասել է Մամիկոն Ասլանյանը: Նշենք, որ վերջին շրջանում հրաժարականի դիմումներ են ներկայացրել Հրազդանի, Էջմիածնի եւ Արմավիրի քաղաքապետերը։

«Մարզպետերն ու մյուս պաշտոնյաները, ովքեր փոխվում են, վանաձորցիներ են, մենք էլ մեր քաղաքի խնդիրներին համահունչ աշխատում ենք: Եթե տեսնեմ՝ պիտանի չեմ քաղաքին, անկախ նրանից նախորդ, թե ներկա իշխանությունն է, ինքս նպատակահարմար չէի համարի, որ շարունակեի աշխատել: Այս պահին նման խնդիր չկա։ Ճիշտն ասած՝ իշխանության հետ որեւէ խնդիր չեմ տեսել, որեւէ տարակարծություն, թյուրըմբռնումներ չեն եղել, մեր գործն ենք անում մեր լիազորությունների շրջանակում, տարածքային կառավարման մարմինների հետ, մեր տեղական ինքնակառավաման մարմինների օրենքների շրջանակում»,- ասել է քաղաքապետը։

Ինչ վերաբերում է համայնքներում անցկացվող ստուգումներին եւ կոռուպցիոն մեխանիզմների բացահայտմանը. Մամիկոն Ասլանյանն ասել է. «Մեր համայնքում թափանցիկ, պարզ աշխատել ենք, ակտիվ ընդդիմադիրներ ենք ունեցել միշտ եւ դրա համար որեւէ մտահոգություն չունենք»: