Ես չեմ եկել այստեղ կառավարելու, ես եկել եմ ծառայելու: NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի նորանշանակ փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը խոսել է նոր աշխատանքի, մարզպետարանում սպասվող կադրային փոփոխությունների եւ բացահայտումների մասին:

«Ես չեմ եկել այստեղ կառավարելու, ես եկել եմ այստեղ ծառայելու: Իսկ եթե ինձ հետ այդ գաղափարը կիսող չկա, բնականաբար, իմ աշխատանքն ըստ արժանվույն եւ արդյունավետ չի լինի: Եթե աշխատակիցներն ինձ նման մոտենան խնդիրներին եւ մոռանան այն բոլոր վարքերն ու կարգերը, որ սովորել են նախկինում: Այստեղ անձի փոփոխությունը չի լինի խնդիրը, այլ խնդիր է, թե որքան կարող ենք օգտակար լինի հասարակության յուրաքանչյուր անդամի: Եթե իրենք պատրաստ չլինեն, ես չեմ կարողանա աշխատել, եւ կբերեմ այն մարդուն, ում հետ առավել արդյունավետ կլինի աշխատելը: Այս պահին չկան մարդիկ, որ ասեմ՝ սրան կբերեմ, նրան կբերեմ: Կան հաստիքներ, որ մրցույթով են, եւ ով անցավ, նա էլ կլինի այդ պաշտոնում»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Նորանշանակ փոխմարզպետի խոսքով՝ լինելով մարզի բնակիչ, լավատեղյակ է մարզում առկա խնդիրներին:

«Ես եկել եմ եւ ամբողջովին լծվել եմ գործին, որպեսզի հասկանամ՝ ինչ խնդիրներ կարող եմ լուծել եւ ինչպես: Հիմնական իմ գործունեությունն այս պահին կենտրոնացրել եմ առողջապահության եւ կրթության ոլորտներում, ինչպես նաեւ սոցիալական ոլորտում, որտեղ Շիրակի մարզում բազմաթիվ խորքային խնդիրներ կան: Ծանոթացել եմ կրթության խորհրդի, առողջապահության ոլորտի տարբեր աշխատակիցների հետ: Բոլոր ոլորտներում, որոնք ինձ են վերապահված, փոփոխությունները սկսվել են, այսինքն՝ ոչ մի ոլորտ բաց չեմ թողել: Ցանկանում եմ բոլոր ոլորտները միանգամից համակարգել եւ տանել  առաջ, որպեսզի խնդիրներ չառաջանան: Կարծես ստացվում է, գնում ենք առաջ»,- նշեց նա:

Անդրադառնալով մարզպետարանում սպասվելիք բացահայտումներին՝ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ հասարակությունն այդ ամենի մասին լավ տեղյակ է, եւ դրանք այդքան էլ բացահայտումներ չեն. «Բացահայտումները ոչ մեկի համար նորություն չեն, հասարակության յուրաքանչյուր անդամ տեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել մարզպետարանում, եւ յուրաքանչյուրս հասկանում ենք, թե ինչ խնդիրների ենք առնչվելու: Կյանքը ցույց կտա՝ ընթացքում բացահայտումներ կլինեն, թե՝ ոչ, բայց միանշանակ այն մարդիկ, ովքեր չարդարացնեն իրենց տեղերում, իրենց գործի մեջ, եւ եթե օրենքն էլ թույլ չի տալիս ազատել գործից, այսինքն՝ քաղծառայող լինելը հաշվի առնելով, մենք պետք է հաշվի առնենք հանրության շահ ասվածը, որովհետեւ վերջապես մենք ծառայում ենք յուրաքանչյուր անձի համար: Եթե անհրաժեշտ լինի պետք է տվյալ անձին փոխել, որպեսզի հասնենք մեր նպատակներին»:

Նշենք, որ խորհրդարանական ընտրություններին Սոֆյա Հովսեփյանը «Ելք» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու էր առաջադրվել Շիրակի մարզում: