Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին անվանել է «թունավոր իժ» եւ խոստացել է կանխել իրեն իշխանությունից հեռացնելու Վաշինգթոնի փորձերը, հայտնում է Reuters–ը։
«Ամեն անգամ, երբ այդ թունավոր իժ Մայք Փենսը բացում է բերանը, ես ինձ ավելի ուժեղ եմ զգում։ Մենք հաղթել ենք ձեզ եւ կհաղթենք, որտեղ էլ դուք լինեք»,–նշել է Մադուրոն հեռուստատեսային ուղերձի ժամանակ։
Գործակալությունը հայտնում է, որ Վենեսուելայի նախագահը մեղադրում է ԱՄՆ–ին իր կառավարությանը տապալելու մեջ երկրի նավթային եւ այլ օգտակար հանածոների պաշարներին տիրելու նպատակով։ Մադուրոն նաեւ պնդում է, որ Վաշինգթոնը տնտեսական պատերազմ է վարում Կարակասի դեմ։
Հունիսի 26-ին 2-օրյա այցով Բրազիլիա ժամանած ԱՄՆ փոխնախագահը, հանդես գալով լրագրողների առաջ, Փենսը շնորհակալություն է հայտնել բրազիլական իշխանություններին Վենեսուելայի դեմ տնտեսական պատժամիջոցների հարցում օժանդակության համար եւ ողջունել է Կարակասի մեկուսացման հարցում երկրի ղեկավարության քայլերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ մայիսի 20-ին կայացած ընտրություններից հետո, որի արդյունքում վերընտրվել էր գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն:





























