Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կայքում հրապարակվել է Անկախ քննչական մարմնի զեկույցը ԵԽԽՎ առանձին պատգամավորների եւ նախկին անդամներին կոռուպցիայի մեջ մեղադրանքների հարցով։

«Թուրան»–ը հաղորդում է, որ զեկույցում նշված են 29 պատգամավորների անուններ, որոնք մեղավոր են ճանաչվել բարոյական նորմերի խախտման մեջ, որն արտահայտվել է կոռուպցիայի փաստերով։ Այս պատգամավորների մի մասը մեղավոր է ճանաչվել ԵԽԽՎ–ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար Ադրբեջանի ներկայացուցիչներից փողեր եւ նվերներ ստանալու  մեջ։

Այսպես, կոմիտեն հաստատել է, որ Զմագո Ելինչիչ Պլեմենիտին 2012 թվականի հուլիսին 25 000 եվրո է ստացել մի բրիտանական ընկերությունից, որը ներգրավված է եղել Laundromat սկանդալում։ «Կասկածներ կան, որ նա գործել է ի շահ Ադրնբեջանի՝ ընտրություններին մոնիթորինգի ժամանակ»,–նշված է զեկույցում։ Հաշվի առնելով սա՝ Ելինչիչ Պլեմենիտին ցմահ զրկվել է Եվրոպայի խորհրդի մուտքի իրավունքից։

ԵԽԽՎ մուտքից ցմահ զրկելու մասին նմանատիպ որոշումներ են կայացվել նաեւ այլ պատգամավորների նկատմամբ, նրանց թվում՝ Կարին Ստրենց, Կարին Վոլդսեթ, Լուկա Վոլոնտե (Ադրբեջանի իշխանություններից փողերի ստացման հիմնական կերպարը)։

Զեկույցում  որպես միջոցների փոխանցման կազմակերպիչ են նշվում Ադրբեջանի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովը եւ Էլհան Սուլեյմանովը, որոնք նույնպես ցմահ զրկվել են ԵԽԽՎ մուտքից կոռուպցիայի մեջ ներգրավվածության եւ բարոյական նորմերի խախտման համար:

Կոմիտեն շեշտում է նաեւ, որ վերոհիշյալ անձիք հրաժարվել են համագործակցել եւ պատասխանել կոռուպցիայի փաստերի հետաքննության հարցերով կոմիտեի հարցերին։

ԵԽԽՎ մուտքից զրկվածների թվում է նաեւ Ադրբեջանի նախկին պատգամավոր Գյուլթակին Հաջիբեյլին, որի լիազորությունները դադարեցվել են 2010 թվականին։ Զեկույցում նշվում է, որ նրա գործողություններում առկա են եղել բարոյական նորմերի ոչ զգալի խախտումներ։