Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը եւ Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները ստեղծում են լավ հիմք երկու բարեկամ պետությունների համագործակցության հետագա զարգացման համար:

Փոխվարչապետը կարեւորել է ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությունը Հայաստանի տնտեսությունում եւ անհրաժեշտ համարել մեր երկրում ֆրանսիական ներդրումների շարունակականությունն ու հետագա ընդլայնումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնավորապես բարձր է գնահատել ֆրանսիական կազմակերպությունների դերը հայկական տնտեսության մեջ՝ դրանց կողմից եվրոպական գործարար մշակույթը Հայաստան բերելու եւ աշխատակիցների արդյունավետությունը բարձրացնելու ունակության առումով:

Փոխվարչապետը նաեւ դրվատանքով է խոսել հայ-ֆրանսիական հարաբերություններում կարեւոր օղակ հանդիսացող Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ մեր երկրի աշխատաշուկայում մրցունակ համալսարանի շրջանավարտների մասին:

Ֆրանսիայի դեսպանը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններին, հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կկարողանա ստեղծել ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայր եւ կյանքի կոչել առաջ քաշած բարեփոխումների ծրագրերը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների:

Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հնարավորությունների եւ հեռանկարի վերաբերյալ:

Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ մինչ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան հայ-ֆրանսիական համագործակցության նոր ձեռքբերումներ եւ հաջողությամբ իրականացված համատեղ նախաձեռնություններ կլինեն: