Այցը կարեւոր էր երկու երկրների պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ համագործակցության տեսանկյունից։ Այս մասին հունիսի 29-ին՝ ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստան–Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը։

Բաղդասարյանը, մասնավորապես, նշել է, որ վերջերս Սոֆիա այցից առաջ Հայաստանում արդեն կայացել էին երկու հանդիպումներ բարեկամական պատգամավորական խմբերի միջեւ։ Նրա խոսքով, Բուլղարիայի հետ կապը կարող է բերել մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը, մասնավորապես,  քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այդպես շարունակ։ «Ցանկանում եմ նշել, որ հայկական կողմի ներկայացուցիչների մեկնումից առաջ մշակվել է համագործակցության մասին հուշագիր, որում նշված են եղել համագործակցության առաջնահերթ ոլորտները։ Այդ հուշագիրը ստորագրվել է Բուլղարիա մեր այցի ժամանակ»,–հայտնել է բարեկամական խմբի ղեկավարը՝ հավելելով, որ տվյալ փաստաթուղթը նախատեսում է տեղեկատվության փոխանակում եւ փոխգործակցություն, կողմերի միջեւ նախկինում ստորագրված համաձայնագրերի արագ վավերացում, ինչպես նաեւ նախատեսված ծրագրերի իրականացում:

Սոֆիա կատարած այցի ժամանակ հայ պատգամավորները մի շարք կարեւոր հանդիպումներ են անցկացրել բուլղարացի գործընկերների հետ, քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, շնորհակալություն են հայտնել բուլղարացի պատգամավորներին տվյալ փաստաթղթի վավերացման համար:

Կողմերը նաեւ քննարկել են Բուլղարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Բացի այդ, քննարկման մեկ այլ կարեւոր թեմա է դարձել ղարաբաղյան հակամարտությունը. «Ցանկանում եմ նշել, որ մենք շատ ենք գնահատում այս հարցում Բուլղարիայի հավասարակշռված մոտեցումը։ Մեր հանդիպումներում մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման Հայաստանի մոտեցումը»,–շեշտել է Ջեմմա Բաղդասարյանը։

Նա նաեւ հաղորդել է, որ կողմերը քննարկել են Երեւան—Սոֆիա—Երեւան ուղիղ ավիաչվերթի բացման հնարավորությունը, որը կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը եւ տուրիզմի զարգացմանը: