ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը Axios պորտալի հրապարակումն իրականությանը չհամապատասխանող է անվանել։ Խոսքն այն հրապարակման մասին է, որ իբր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ–ն դուրս գա Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից։ Fox Business Network–ի հետ հարցազրույցում Մնուչինը տեղեկությունը «ֆեյք նորություն» է անվանել։
«Դա չափազանցություն է։ Նախագահը հստակ հասկացնել է տվել, որ անհանգստացած է ԱՀԿ–ի առումով։ Նա կարծում է, որ կան ասպեկտներ, որոնք արդար չեն։ Նա գտնում է, որ Չինաստանը եւ մյուսները ԱՀԿ–ն ծառայեցրել են իրենց շահերին, բայց մենք կենտրոնացած ենք ազատ առեւտրի ուղղությամբ։ Այն, ինչին մենք ձգտում ենք, առեւտրային արգելքների վերացումն է»,–նշել է Մնուչինը։
Ավելի վաղ Axios –ը վկայակոչելով իր աղբյուրին, որն այս հարցը քննարկել էր Թրամփի հետ, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը, մասնավորապես, ասել է. «Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք այնտեղ (ԱՀԿ): ԱՀԿ-ն ստեղծվել է մնացած աշխարհի կողմից՝ ԱՄՆ-ին ճնշելու համար»:




























