Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հաստատել է, որ Եվրամիության երկրները ԵՄ գագաթաժողովի ժամանակ համաձայնության են եկել միգրացիայի մասին Թուրքիայի հետ համաձայնագրի շրջանակում հերթական տրանշի տրամադրման վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք համաձայնել էինք Թուրքիայի համար ֆինանսավորման հերթական տրանշը հատկացնել եւ 500 միլիոն եվրո Աֆրիկայի նպատակային հիմնադրամին զարգացման խնդիրների համար», - լրագրողներին ասել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն, իր հերթին, հիշեցրել է, որ խոսքը Թուրքիայի հետ համաձայնագրի շրջանակում մոտ 3 մլրդ եվրոյի մասին է:

Ավելի վաղ ԵՀ-ն հայտարարել էր, որ ԵՄ-ն կարող է մինչեւ տարեվերջ Փախստականների աջակցության հիմնադրամից Թուրքիային խոստացված 3 մլրդ եվրոն բաշխել ըստ նախագծերի:

Թուրքիայում այսպես կոչված Փախստականների հիմնադրամը (Facility for refugees in Turkey), որը նախատեսված է 2016 եւ 2017 թվականների համար, ստեղծվել էր ԵՄ-ում առաջացած միգրացիայի ճգնաժամի դեմ պայքարի համար:

Անկարայի եւ Բրյուսելի միջեւ կնքված պայմանագիրը կնքվել էր 2016 թվականի  մարտին եւ ուղղված էր պայքարել Եվրոպա տեղափոխվող փախստականների անվերահսկելի հոսքի դեմ, որը զգալիորեն ավելացել էր  Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընդլայնումից հետո: