Ավստրիայի Սահմանադրական դատարանը որոշել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մատյանում թույլատրել երրորդ սեռ ներառել, եթե անձը չի կարողանում իրեն արական կամ իգական սեռին դասել:
«Ինտերսեքսուալ մարդիկ, որոնց սեռը հնարավոր չէ հստակ որոշել որպես «արական» կամ «իգական», իրավունք ունեն ՔԿԱԳ-ի մատյաններում եւ այլ վկայականներում իրենց ըստ սեռի գրանցել: Սահմանադրական դատարանը որոշել է, որ քաղաքացիական վիճակի մասին օրենքի նման մեկնաբանությունը համատեղելի է Սահմանադրության հետ: Այդ կապակցությամբ չի պահանջվի չեղարկել օրենքի դրույթները, որոնք դատարանի կողմից վերանայվել են», - նշվում է դատական մարմնի որոշման մեջ:
Սահմանադրական դատարանն առաջարկում է նման մարդկանց համար օգտագործել «այլ», «խառը», «անորոշ» հասկացությունները: Որոշումը կայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիման վրա, որը երաշխավորում է անձնական եւ ընտանեկան կյանքի պահպանումը: Այն ընդգրկում է մարդու ինքնության պաշտպանությունը ըստ նրա սեռային պատկանելիության, անհատականության, անձեռնմխելիության եւ սեռական կողմնորոշման սկզբունքների, նշել են դատարանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























