ԱՄՆ Պետդեպարտամենտը ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների 11 աշխատակցի է տարհանել Չինաստանից, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով The New York Times թերթը: Պարբերականի տվյալներով՝ տարհանման պատճառն աշխատակիցների բողոքներն էին՝ «աննորմալ ձայների եւ վատ ինքնազգացողության» վերաբերյալ:

Պաշտոնյաներից մեկը թերթին պատմել է, որ Գուանչժոու քաղաքում գտնվող հյուպատոսության հետ կապ ունեցող 8 ամերիկացի է տարհանվել: Շանհայում ԱՄՆ հյուպատոսարանի մեկ աշխատակից եւ Պեկինի հյուպատոսությունից երկու անձ ուղարկվել են ԱՄՆ՝ բժշկական զննում անցնելու համար:

Գուանչժոու քաղաքում տարօրինակ ձայների պատճառով  դիվանագիտական աշխատակիցների վատառողջության առաջին դեպքերից հետո ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը սկսել է խրախուսել նման հետազոտությունները: Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գլխավոր քարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսով քննարկել է այս հարցը իր չին գործընկեր Վան Իի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր Չինաստանում ամերիկացի դիվանագետի դեմ հնարավոր «ձայնային հարձակման» մասին: Մայիսի 18-ին Գուանչժոու քաղաքում գտնվող հյուպատոսությունում դիվանագետն իրեն վատ էր զգացել եւ իր ախտանիշները համեմատել էր 2017 թվականին Կուբայում իրականացված «ձայնային հարձակման» ժամանակ  ամերիկացի դիվանագետների ինքնազգացողության հետ: Ավելի ուշ Չինաստանը հայտարարել էր, որ հյուպատոսությունների աշխատակիցների վրա «ձայնային հարձակման» նշաններ չի հայտնաբերել: