Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ ՌԾՈՒ-ն պատրաստ է Օրմուզի ծոցում ապահովել նավագնացության ազատությունը, հաղորդում է Reuters-ը:

«ԱՄՆ-ն եւ նրա գործընկերները տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն են ապահովում: Միասին մենք պատրաստ ենք ապահովել նավագնացության եւ առեւտրային փոխադրումների ազատությունը՝ միջազգային նորմերին համապատասխան», —ասել է ԱՄՆ ԶՈՒ-ի Կենտրոնական հրամանատարության կապիտան Բիլ Ուրբանը: Այսպես է նա մեկնաբանել Իրանի ԻՀՊԿ-ի հայտարարությունն այն մասին, որ եթե ԱՄՆ-ն արգելք սահմանի իրանական նավթի արտահանմանը, Թեհրանը Օրմուզի ծոցով կարգելափակի դեպի Պարսից ծոց վառելիքի բոլոր մատակարարումները:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Բրայան Հուկը հաղորդել էր, որ ամերիկյան պատժամիջոցների նպատակը իրանական ռեժիմի վրա ճնշում գործադրելն է եւ նավթի վաճառքից եկամուտների զրոյացումը:

Մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թեհրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին, որը նախատեսում էր Իրանից պատժամիջոցների աստիճանական վերացումը նրա միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց:

Վաշինգթոնը հայտարարել է, որ նոյեմբերին Իրանի դեմ պատժամիջոցները կվերսկսի: Ակնկալվում է, որ դրանք կանդրադառնան իրանական արդյունաբերությանը, առեւտրին եւ ոսկու արդյունահանմանը, ինչպես վառելիքաէներգետիկ համալիրին: