Հուլիսի 4-ին ժամը 23:00-ի սահմաններում «գլխի վնասվածք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ստացված ահազանգի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Բուժկենտրոն մեկնած իրավապահները պարզել են, որ վիրավորն Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ, 19-ամյա Գոռ Հայրապետյանն է։ Նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Իսակովի պողոտայում իրեն անծանոթ անձի կողմից անհիմն ծեծի ենթարկվելու հետեւանքով։
Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 22։20-ի սահմաններում, Իսակովի պողոտայի եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում: Գ.Հայրապետյանի հետ վիճաբանած, այնուհետեւ նրան ծեծի ենթարկած կասկածյալը դեպքի վայրից հեռացել է Mercedes մակնիշի 10 DZ 045 համարանիշի ավտոմեքենայով: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գ.Հայրապետյանը ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող է։




























