Երեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Հուլիսի 5-ին ժամը 23։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ» ընկերության հարեւանությամբ, բախվել են Kia մակնիշի 12 RP 012 համարանիշի եւ Nissan մակնիշի 27 VՏ 027 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով 2 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ը կայանված է եղել, երբ Kia-ն բախվել է Nissan-ին: Ըստ տեղեկությունների՝ մինչեւ բախումը Kia-ն վրաերթի է ենթարկել 1 հոգու։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը: