Թբիլիսիում անհայտ անձինք վիրավորել են Վրաստանի նախագահի փեսային՝ Մինդիա Գոգոչուրիին, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Միջադեպը, որի ժամանակ Գոգոչուրիին վիրավորել են, տեղի է ունեցել նախօրեի գիշերը: Տեղի ունեցածին նախորդել է վեճը:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Գոգոչուրիին վնասվածքներ են հասցրել սառը զենքով: Երկու ընկերները նրան տեղափոխել են Թբիլիսիիի Հանրապետական հիվանդանոց: Այստեղ նրան անհետաձգելի վիրահատություն է կատարվել:

Մինչեւ հիմա հայտնի չէ, թե նա ինչ վիճակում է: Հիվանդանոցում են ընկերները եւ Գոգոչուրի ընտանիքի անդամները, որոնք հրաժարվում են մեկնաբանություններ տալ:

Վրաստանի ՆԳՆ-ում տեղի ունեցածի փաստով քննություն է սկսվել՝ «դիտավորյալ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու» հոդվածով:

Մինդիա Գոգոչուրին ամուսնացած է Գեորգի Մարգվելաշվիլիի խորթ աղջկա՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի առաջին ամուսնությունից ունեցած դստեր հետ: Գեորգի Մարգվելաշվիլին եւ Մակա Չիչուան, որոնց համար սա երկրորդ ամուսնությունն է, առաջինից ունեն ավագ դուստրեր: Երկուսն էլ ամուսնացած են:

Հարկ է նշել, որ նախագահի փեսայի անվան հետ կապված են մի քանի համանման միջադեպեր: Անցյալ տարվա հունվարին Գոգոչուրին եւ նրա ընկեր Միխայիլ Տատրիշվիլին Թբիլիսիի կենտրոնում կրակել էին հրազենից: Դրանից հետո Տատրիշվիլին ձերբակալվել էր ապօրինի թմրանյութեր պահելու համար: