Հայաստանը 2018 թվականի տվայլներով առնվազն 4.5-5 տոկոս տնտեսական աճ կապահովի: Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսական գործունեության արձանագրված ցուցանիշները, որոնք առաջին հինգ ամիսների ընթացքում կազմել են 8.6 տոկոս, իսկ առանձին ամիսներին հասել  10.9 եւ 10.6 տոկոսի, հիմք են հանդիսանում նախատեսված 4,5 տոկոս տնտեսական աճի համար:

«Տարեկան 4,5-5 տոկոս տնտեսական աճը բավականին իրատեսական է եւ բավարար է մակրոտնտեսական խնդիրների լուծման համար, մասնավորապես, հարկային մուտքերի ապահովման, պետական բյուջեի կատարման վերաբերյալ», - ասել է Մարգարյանը:

Տնտեսագետը նաեւ չի տեսնում լուրջ գնաճային եւ պարտքային վտանգներ: «Ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական ինդիկատորները կայունություն  են արձանագրում», - եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ 2018 թվականի բյուջեով 4,5 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում: