Որեւէ առիթ չկա կասկածելու, որ Եվրամիության երկրներում պահպանվելու է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման տենդենցը: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում:
Իր կողմից Հայաստանը փորձում է հուշել՝ օգտակար լինել իր գործընկերներին, որպեսզի այդ գործընթացն արագանա:
«Այո, միանշանակ կարող եմ հավաստիացնել, որ մենք պատրաստ ենք, մեր ինստիտուցիոնալ կարողությունները բավական զարգացած են, որպեսզի մենք սկսենք կիրառել այդ պայմանագիրը, որպեսզի մենք սկսենք միջգերատեսչական այդ հարթակում, այդ ձեւաչափում համակարգել եւ առաջ տանել ՀԸԳՀ-ի կետերի իրագործման գործընթացը»,- ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ սա, առաջին հերթին, Հայաստանին է պետք: «Սա մեր խնդիրն է, պետք է լուծենք այդ խնդիրը, եւ կարողությունների առումով ես շատ վստահ եմ ինձ զգում եւ շատ հստակ գիտեմ, որ մենք տանելու ենք սա առաջ»,- ասել է նա:





























