Իրանի միջուկային խնդրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը չկատարելը կարող է բացասական ազդեցություն ունենալ Մերձավոր Արեւելքի ընդհանուր իրավիճակի վրա, որի զարգացումը հետագայում դժվար կլինի կանխատեսել: Այդ մասին Վիեննայում կայացած նախարարական հանդիպումից հետո հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պետք է Մերձավոր Արեւելքում պահպանել կայունությունը, այս պահին իրավիճակն այնտեղ ծայրահեղ փուլում է, այն դեպքում, եթե ԳՀՀԾ-ն չիրականացվի, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի իրավիճակի զարգացման ուղղության վրա, ինչը անհնար կլինի կանխատեսել», - ասել է Վան Ին , որի խոսքերը ներկայացված են Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Վան Ին ընդգծել է, որ Չինաստանը վճռականորեն հավատարիմ է իրանական միջուկային խնդրի վերաբերյալ համաձայանգրի հետագա պահպանմանը եւ իրականացմանը, անշեղորեն կատարում է համապատասխան պահանջները եւ իր պարտավորությունները: Պեկինը մտադիր է այս հարցով բոլոր կողմերի հետ պահպանել շփումը եւ համակարգումը»:
Ուրբաթ Վիեննայում կայացավ իրանական միջուկային գործարքի անդամ երկրների նախարարարկան նիստը:





























