Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես կասեցվել են, իսկ Վարդավառի օրը Գասպարյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած գործի նյութերը ուղարկվել են ՀՔԾ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է նախկին ոստիկանապետի եղբայրը խուսափի պատասխանատվությունից, նա նշեց. «Այսօր այն իրավիճակը չէ, որ որեւէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի ՀՀ–ում, այդ թվում՝ ես, լինելով ոստիկանապետ, եթե որեւէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու»։
Հարցին՝ եթե Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել այս հարցին, ինչ քայլեր է ձեռնարկելու ոստիկանությունը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի այս հարցին»:
Հիշենենք, որ Վարդավառի օրը Կոտայքի մարզում բակում խաղացող երեխաները ջուր են լցրել Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի մեքենայի վրա, ինչից հետո տեղի է ունեցել վեճ, ապա կողմերից մեկի պնդմամբ, նաեւ ծեծկռտուք:





























