ՀՅ Դաշնակցությունը դժգոհ է նախագահի եւ քաղաքական ուժերի միջեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ընթացքից: Այդ մասին քննարկումից հետո հայտարարեց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ հայ-թուրքական արձանագրություններում մինչեւ ստորագրումը որեւէ փոփոխություն հնարավոր չէ կատարել: « Հարցը դրված է այսպես. Կամ ստորագրու եք ինչ կա, կամ չեք ստորագրում: Դա մեզ համար, բնականաբար, ընդունելի չէ»,- հայտարարեց Ռուստամյանը, միաժամանակ հույս հայտնելով, որ քննարկման արդյունքում նախագահի տրամադրությունները փոքր-ինչ փոխվել են՝ քաղաքական ուժերի արտահայտած մտահոգությունների շնորհիվ: «Նախագահը կիսեց մեր շատ մտահոգությունները, բայց մնալով իր դիրքորոշմանը, թե առկա բովանդակությամբ արձանագրությունները Հայաստանի համար սպառնալիք չեն»,- նկատեց նա, հավելելով, որ այնուամենայնիվ, այս քննարկումից որեւէ լուրջ արդյունք ակնկալել պետք չէ, քանի որ երկրի իշխանությունները խուսափում են փոփոխություններ կատարել արձանագրություններում՝ դա պատճառաբանելով Թուրքիայի հակազդեցությամբ: «Բայց ախր առաջինը Թուրքիան կարող է փոփոխություններ նախաձեռնել, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի պատասխան քայլի: կարծում եմ՝ այսօրվա քննարկմանը քաղաքական ուժերը բավարար նյութ տվեցին իշխանություններին փոփոխոթւյուններ իրականացնելու համար»,- նշեց Արմեն Ռուստամյանը: