Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ սոցիալական ապահովության վարչությանը կոչ է արել ուսումնասիրել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքված Սոցիալական ապահովության միավորման մասին համաձայնագիրը՝ բացառելու համար կենսաթոշակային նպաստների կրկնակի հարկման հավանականությունը, ինչպես նաեւ պարզեցնելու ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Հայաստանում աշխատողների պարտականություններն ու իրավունքները:

«Բացի աշխատակիցների եւ գործատուների համար նյութական առավելություններից՝ նման համաձայնագիրը կամրապնդի Ամերիկայի եւ Հայաստանի կապերը, կնպաստի առեւտրային կապերի զարգացմանն ու ավելի արդյունավետ համագործակցությանը»,- ասված է Հայ դատի հանձնախմբի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Ներկայում ԱՄՆ-ն Սոցիալական ապահովության մասին համաձայնագիր ունի աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրների հետ: Համաձայնագիրն ուղղված է միեւնույն եկամտից կրկնակի հարկումը կանխելուն: