Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Անգլիայի հյուսիսարեւելյան հանրության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո էլ առաջատար ռազմական տերություն կմնա եւ կհակազդի արտաքին, այդ թվում ռուսական սպառնալիքներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կշարունակենք մնալ առաջատար ռազմական տերություն: Մենք շարունակում ենք ընդունել այն սպառնալիքների գոյությունը, որոնք մենք տեսնում ենք», - երկուշաբթի հայտարարել է վարչապետը:
Նա առաջարկել է «այս պահին նայել Ռուսաստանին, հաշվի առնելով այն, թե ինչ է նա անում կիբերհարձակումների եւ քարոզչության առումով»:
Թեեւ Մեյի խոսքով, «վնասակար պետական գործունեությամբ» առանձնանում են նաեւ այլ երկրները: «Տեսնելով, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ սպառնալիքները, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ներուժ մենք պետք է ունենանք, որպեսզի հաղթահարենք դրանք», - ընդգծել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:





























