Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը կասկածում է, որ ԿՀՎ-ի նախկին ղեկավար Ջոն Բրենանը կարող է ֆինանսական շահույթի համար բացահայտել գաղտնի տեղեկատվությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ջոն Բրենանը օգու՞տ է քաղում գաղտնի նյութերից: Իսկ արդյոքթ Թրամփի վրա իր հարձակումներով նա միլիոնավոր դոլարներ չի վաստակու՞մ առաջատար լրատվամիջոցներին գաղտնիքների մասին հայտնելով » —Twitter-ում գրել է սենատորը:
Փոլը հավելել է, որ պատրաստվում է ԱՄՆ նախագահին խնդրել զրկել Բրենանին գաղտնի փաստաթղթերին մուտք ունենալու իրավունքից:
Ավելի վաղ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ նա վստահում է եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ամերիկյան հետախուզությանը բուռն քննադատություն էին առաջացրել ԱՄՆ-ում: Թրամփը պարզաբանել էր, որ ամերիկյան ընտրություններում ՌԴ-ի միջամտության վերաբերյալ ապացույցներ չի տեսնում:
Որոշ դեմոկրատներ Թրամփի վարքագիծը թուլության կամ խելահեղության դրսեւորում էին անվանել, իսկ Բարաք Օբամայի ժամանակ ԿՀՎ-ի նախկին ղեկավար Ջոն Բրենանը նախագահի ելույթը պետական դավաճանություն էր համարել: Ավելի ուշ Թրամփը լրագրողներին հայտարարել էր, որ սխալ է արտահայտվել եւ իրականում հակառակը նկատի ուներ՝ Ռուսաստանը կարող էր միջամտել ընտրություններին:





























