Վիլնյուսը քննադատել է ՌԴ-ի Քննչական կոմիտեի կողմից Լիտվայի գլխավոր դատախազության եւ դատարանի աշխատակիցների դեմ, որոնք զբաղվում են 1991-ի դեպքերի մասնակիցների հետապնդումով, քրեական գործի հարուցման համար, հաղորդում է DW-ն:
Լիտվայի ԱԳՆ-ն գլխավոր դատախազության եւ դատարանի աշխատակիցներին խորհուրդ է տվել հրաժարվել ՌԴ ուղեւորություններից: ՌԴ Քննչական կոմիտեն նրանց դեմ քրեական գործ է հարուցել Վիլնյուսում 1991-ի հունվարի դեպքերի մասնակիցների անօրինական հետապնդման համար:
Ռուսական գերատեսչության որոշումը «բացահայտ ճնշում է Լիտվայի, դատարանի եւ դատական համակարգի աշխատակիցների վրա», - երկուշաբթի հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը:
Ավելի վաղ՝ նույն օրը, ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր Լիտվայի Դատախազության եւ դատարանների աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, որոնք 2006 թվականից քրեական հետապնդում են իրականացնում խորհրդային բանակի նախկին 60 զինծառայողների հանդեպ:
1991 թվականի հունվարին ԽՍՀՄ զինված ուժերի ստորաբաժանումները Վիլնյուսում մի շարք հասարակական շենքեր գրավեցին: Հունվարի 13-ի գիշերը զինվորները գրոհեցին հեռուստակենտրոնը: Դրանից հետո հազարավոր մարդիկ դուրս եկան քաղաքի փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Լիտվայի անկախությանը: Դիմակայության արդյունքում 14 մարդ զոհվեց, ավելի քան 700-ը վիրավորվեց:





























