ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նախկին պաշտոնյաներին, որոնք նրան մեղադրում են Ռուսաստանի հետ կապերի մեջ, զրկել գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունենալուց: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախագահը մտածում է ոչ միայն Բրենանին գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից զրկելու մասին, այլեւ ուսումնասիրում է Կոմիի, Քլեթերի, Հեյդենի, Ռայսի, Մաքեյբիի գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունենալու հարցը: Նախագահը քննարկում է չեղարկման մեխանիզմը, քանի որ նրանք քաղաքականացրել են եւ որոշ դեպքերում շահույթ են ստացել իրենց հասանելիությունից՝ նախագահին մեղադրելով ՌԴ-ի հետ անվայել կապի մեջ», — ասել է Սանդերսը:
Նրա խոսքով՝ գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունենալը նրանց անհիմն վստահություն է տալիս այն մեղադրանքներում, որոնք ոչ մի ապացույց չունեն:
ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանին վերագրվող միջամտության եւ ՌԴ-ի հետ Թրամփի ենթադրյալ կապերի մասին հետաքննությունն իրականացնում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները բացարձակ անհիմն է անվանել:





























