Հաջորդ շաբաթ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները կլինեն Էջմիածնի քաղաքապետարանում։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 23–ին, ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան Facebook սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։
«Դա կապված է տեղեկատվության եւ քաղաքացիներից տարաբնույթ բողոքների հետ»,-հայտարարեց Սանասարյանը։
Նա նաեւ նշեց, որ առաջիկայում Աբովյան քաղաքում էլ են ուսումնասիրություն անցկացնելու. «Բոլոր տեղերում թող մեզ սպասեն, հերթով գալու ենք»։
Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետը ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին էր՝ Կարեն Գրիգորյանը, իսկ Աբովյանը ավանդաբար համարվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտին։





























