ՀՀ արտաքին առեւտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում 2017 թվականի մայիսից գործարկված «Ռիսկերի կառավարում» համակարգում, ի թիվս այլ ռիսկերի կառավարմանն ուղղված գործիքների, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից, նորարարական մոտեցումների եւ ծրագրային լուծումների կիրառմամբ նախագծվել է նաեւ մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված եւ դրանց նկատմամբ ավտոմատացված ծրագրային հսկողության ապահովման գործիք: Արդյունքում հնարավորություն է ստեղծվել իրականացնել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մաքսային ռիսկերի կառավարման կոմպենդիումի», Համաշխարհային մաքսային կազմակերպության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության՝ մտավոր սեփականության պաշտպանությանը վերաբերող դրույթներին ու սկզբունքներին համապատասխան, ինչպես նաեւ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 42-րդ գլխի եւ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն, որոնք ուղղված են ազատ առեւտրում ազնիվ մրցակցության խթանմանը եւ մտավոր սեփականության իրավատեր հանդիսացող սուբյեկտների իրավունքների պաշտպանությանը:

Ծրագիրը փորձարկվել է համապատասխան թեստային միջավայրում, ներդրվել եւ կիրառվում է «Ռիսկերի կառավարում» համակարգում: Թիրախավորման սկզբունքի եւ ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրմամբ եւ հետադարձ կապի  միջոցով հնարավորություն է ստեղծվել ապահովել մտավոր սեփականության օբյեկտների արդյունավետ պաշտպանություն: Արդյունքում հնարավոր է դարձել իրականացնել համապատասխան հսկողություն՝ պաշտպանելով ՀՀ ԱՏԳ իրականացնողների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը:

Մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը հորդորում է ԱՏԳ իրականացնողներին համագործակցել կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ՝ իրենց մտավոր սեփականության օբյեկտների գրանցման միջոցով: Այդ նպատակով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է իրավատիրոջ կողմից դիմումի ներկայացում Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման եւ ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով: