ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակությանը՝ ասոցիացիայի նախագահ, Գարժիլես-Դամպիերի համայնքապետ Վանիկ Բերբերյանի գլխավորությամբ։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են եղել նաեւ Օտրակի համայնքապետ Քրիստոֆ Բեդոսոսյանը, Շամալոկի համայնքապետ Միշել Վարդանյանը, Բորըգարդ դե Տարրասոնի համայնքապետ Լիոնել Արմաղանյանը, Դոբյոֆ լա Կամպանյի համայնքապետ Լորանս Բուսիյեղին, Գրավրոն-Սեﬔրվիլի համայնքապետ Կլեր Կարրիեր-Գոդբուն, Արսոյի համայնքապետ Բրյունո Բետընոն։
Նախարար Սուրեն Պապիկյանի եւ իր անունից ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վաչե Տերտերյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամությունը ապակենտրոնացված հարթությունում ամենահագեցածն է, ինչի վկայությունն է այն ուրախալի փաստը, որ ավելի քան չորս տասնյակ հայկական համայնքներ ունեն իրենց քույր կամ բարեկամ համայնքները Ֆրանսիայում։
Փոխնախարարը հավելել է, որ երկու երկրների համայնքները համագործակցում են ոչ միայն հումանիտար եւ մշակութային ոլորտներում, այլեւ այդ փոխգործակցությունը տեղափոխվում է ենթակառուցվածքների, կոմունալ-արտադարական եւ տնտեսական զարգացման ծրագրերի դաշտ։ «Մեր նոր կառավարության համար այժմ առաջնային է համայնքների տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը, եւ Հայաստանը հետաքրքրված է ծանոթանալ Ֆրանսիայի գյուղական համայքների զարգացման փորձառությանը»,- նշել է փոխնախարարը։ Վաչե Տերտերյանը կարեւորել է նաեւ երկու երկրների համայքների միջեւ հորիզոնական համագործակցության ապահովման գործում Հայաստանի համայքների միության ակտիվ ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը եւ համոզմունք հայտնել, որ աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կխորացնի եւ նոր լիցքեր կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը։
Իր հերթին Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցիացիայի նախագահ Վանիկ Բերբերյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ խնդրել պատվիրակության անունից ողջույններ փոխանցել նախարար Սուրեն Պապիկյանին։ Վանիկ Բերբերյանը նկատել է, որ Ֆրանսիական գյուղական համայնքների ասոցիացիան հաջողությամբ համագործակցում է Հայաստանի համայքների հետ զբոսաշրջության, գյուղատնտեսության, ժառանգության արժեւորման ոլորտներում եւ միաժամանակ վստահեցրել, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է աջակցել գյուղական համայքների զարգացման գործում եւ Հայաստանին փոխանցել տեղական զարգացման Ֆրանսիայի արժեքավոր փորձը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ժառանգության արժեւորման, տեղական ժողովրդավարության, կրթության փորձի փոխանակման, թափոնների կառավարման եւ շինարարության ﬔթոդների ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր։




























