Հունաստանում սկսում է քաղաքային տրանսպորտի եւ դեղատների աշխատակիցների կողմից կազմակերպված մեկշաբաթյա գործադուլը։ Գործադուլավորները բողոքում են պետության կողմից իրականացվող բարեփոխումների դեմ։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

Տեղի ժամանակով ժամը 11-ից մինչեւ 16։00-ն (Երեւանի ժամանակով ժամը 13։00-ից մինչեւ 18։00-ն) ավտոբուսները չեն աշխատելու։ Արմհիությունները բողոքում են պետության կողմից իրականացվող բարեփոխումների դեմ, ըստ որոնց՝ նախատեսվում է արմատապես վերանայել Աթենքի հասարակական տրանսպորտի  համակարգը, որի ներքին համախառն բյուջեի տարեկան դեֆիցիտը անցնում է  500 միլիոն եվրոյից։

Նախատեսվում է նվազեցնել անձնակազմի աշխատավարձերի չափը, 12 հազար աշխատակիցներից  1,5 հազարին այլ աշխատանքի տեղափոխել, ինչպես նաեւ 75 տոկոսից 40 տոկոսի կրճատել տոմսերի պետական սուբսիդիան։ Փետրվարի 1-ին, բացի մետրոյից, հասարակական տրանսպորտով մեկ ուղեւորության տոմսն արժենալու է 1,2 եվրո, իսկ տրանսպորտի մնացած տեսակներով երթեւեկելը կարժենա 1,4 եվրո՝ 1 եվրոյի փոխարեն։     

Դեղատների սեփականատերերը եւս այսօր սկսում են թվով 3-րդ մեկշաբաթյա գործադուլը, որի հետեւանքով որոշ վայրերում դեղերի պակասություն է նկատվում:

Դեղատների սեփականատերերը բողոքում են կառավարության ծրագրերի դեմ, ըստ որի պետք է ազատականացվի այդ գործունեությամբ զբաղվելու հասանելիությունը, այսինքն շատերը կցանկանան մրցակցել նույն ոլորտում: