«Քար եւ սիլիկատներ» գիտաարտադրական եւ նախագծային ինստիտուտում պեռլիտի հիման վրա յուրօրինակ ջերմամեկուսիչ նյութ է մշակվել: Այս մասին հուլիսի 24-ին Հայաստանում ոչ մետաղական հանքավայրերի զարգացման վերաբերյալ քննարկումների ժամանակ ասաց ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն, Քարակերտի քարաձուլման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գեւորգյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանում տեղական ոչ մետաղական հանքանյութերից հնարավոր է կազմակերպել 40-50 անուն ապրանքների արտադրություն, որոնք մրցունակ կլինեն միջազգային շուկայում: «Դա մեծ հնարավորություններ կստեղծի մեր տնտեսության զարգացման համար», - ընդգծեց նա:
Մասնավորապես, Գեւորգյանը ուշադրություն հրավիրեց պեռլիտի հիման վրա ջերմամեկուսացման արտադրության զարգացմանը: Համապատասխան նյութը՝ պենոպեռլիտը, ստացվել է «Քար եւ սիլիկատներ» ՓԲԸ-ում: Նշվեց, որ այս տեխնոլոգիան իր հատկություններով չի զիջում արտասահմանյան համարժեք նյութերին, սակայն դրա գինը բավական ցածր է: Բացի այդ, պենոպեռլիտը էկոլոգիապես մաքուր նյութ է ի տարբերություն ֆենոլ եւ ֆուզգեն պարունակող ավելի էժան ջերմամեկուսիչ նյութերի:
Հատկանշական է, որ հայկական պեռլիտը դեռ խորհրդրային տարիներին օգտագործվել է ջերմամեկուսիչ նյութերում: Պեռլիտը հրաբխային ապակի է, ինչը նշանակում է, որ դրա հիման վրա ջերմամեկուսիչների ստեղծման ժամանակ արդեն անհրաժեշտ չէ ապակին ձուլել եւ մանրացնել հատիկների, ինչը զգալիորեն էժանացնում է տեխնոլոգիան:
Ընդ որում պենոպեռլիտի որակն ակնհայտ է. այս նյութի 16 սմ-ն իր ջերմամեկուսիչ ցուցանիշներով փոխարինում է 4.2 մ հաստությամբ բետոնե պատին:
Գեւորգյանը նշեց, որ Հայաստանում պեռլիտի պաշարները 3 մլրդ խորանարդ մետրի են հասնում: Սա նշանակում է, որ տվյալ արտադրության զարգացման դեպքում հանրապետությունը տարեկան կարող է բազամիլիոնանոց շահույթի ակնկալիք ունենալ:
Ոչ մետաղական հանքավայրերի շահագործման զարգացման համար եւս մեկ հեռանկարային ուղղություն է բազալտի արտադրությունը: Այսպես, Քարակերտի քարաձուլման գործարանը քարաձուլման տեխնոլագիայի օգտագործման շնորհիվ արտադրանք թողարկելու հնարավորություն ունի (խողովակներ, քարե սակիկներ եւ այլն): Բացի այդ, բազալտը լայնորեն օգտագործվում է նաեւ արտադրական ֆիլտրերում:
Փորձագետը ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ հանրապետությունում 102 տեսակի բազալտի հանքավայր կա: Հաշվի առնելով տեղական հումքի ցածր գինը եւ նրա բարձր որակական ցուցանիշները՝ տվյալ արտադրության զարգացումը կարող է ավելի քան շահավետ լինել պետության համար:





























