Երեւանի Արտաշիսյան 62 հասցեում ապակիների արտադրամասում պայթյունից տուժած եւս մի աշխատակցի տեղափոխել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն այրվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:
«Վերջին տեղափոխվածի վիճակը ծանր չէ, սակայն հսկողություն է պահանջում», ասել է նա:
Նա նշեց, որ ավելի վաղ իրենց մոտ տեղափոխված 28-ամյա երիտասարդի վիճակը, որի մարմնի մակերեսի 80 տոկոսն այրվել էր, շարունակում է մնալ ծանր:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ պայթյունի մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Արտաշիսյան 62 հասցեում գտնվող ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են. կան տուժածներ:
Տուժածներ Ս.Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս.Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է.Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ Է.Հ.-ն «Էրեբունի» եւ Ս.Հ.-ն «Աստղիկ» ԲԿ-ներից տեղափոխվել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Ս.Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Է.Հ.-ինը՝ ծանր:
- Պայթյունը որոտացել է ապակիների արտադրամասում. Պատերը փլվել են. կան վիրավորներ
- Ապակիների արտադրամասում պայթյունից տուժած 28-ամյա երիտասարդի մարմնի մակերեսի 80 տոկոսն այրվել է
- Արտաշիսյան փողոցում պայթյուն է որոտացել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ





























