Իռլանդական Ryanair ավիաընկերությունը հայտարարել է, որ օդաչուների եւ բորտուղեկցորդների երկօրյա գործադուլի պատճառով հրաժարվում է հարյուրավոր թռիչքների չեղարկման կապակցությամբ ուղեւորներին փոխհատուցում վճարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Sky News-ին եւ ավիաընկերության ներկայացուցչին:

Ըստ հեռուստաալիքի՝ Ryanair-ը չեղարկել է ավելի քան 600 չվերթներ Բելգիա, Իսպանիա եւ Պորտուգալիա: Գործադուլ իրականացնող աշխատակիցները Ryanair-ից պահանջում են դադարել ամենուրեք կիրառել իռլանդական օրենսդրությունը, աշխատանքի պայմանները հարմարեցնել յուրաքանչյուր առանձին երկրին:

 «Ryanair-ը ամբողջությամբ հետեւում է EU261 օրենքին (փոխհատուցումների վճարման մասին), սակայն չվերթների չեղարկումները պայմանավորված են եղել չնախատեսված հանգամանքներով, ինչի կապակցությամբ փոխհատուցումներ չեն նախատեսվում», — ասել է ավիաընկերության ներկայացուցիչը: