Վաշինգթոնը լրացուցիչ 70 մլն դոլար կհատկացնի Իրաքում ականազերծման համար, հինգշաբթի կրոնական ազատությունների մասին համաժողովին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես ուրախ եմ այսօր հայտարարել, որ Պետդեպարտամենտն այսօր Իրաքի Նայնավա նահանգում ականազերծման գործողությունների համար լրացուցիչ 70 մլն դոլար է հատկացնում», - ասել է Պոմպեոն: Նա ընդգծել է, որ այս գումարը կավելացվի այս տարվա սկզբից Իրաքի ականազերծման համար  արդեն հայտարարված 90 միլիոն դոլարին:

«Լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի մեզ վերացնել ավելի շատ ականներ այն տարածքներում, որտեղ կրոնական փոքրամասնությունների մեծ թվով ներկայացուցիչներ ենթարկվել են ԻՊ-ի իրականացրած ցեղասպանությանը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը: