Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները Բրյուսելում կշարունակվեն օգոստոսի կեսերին: Այս մասին հինգշաբթի Բրյուսելում Եվրամիության բանակցող Միշել Բարնյեի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ-ից դուրս գալու հարցերով Բրիտանիայի նախարար Դոմինիկ Ռաաբը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Միշել Բարնյեի հետ պայմանավորվեցինք, որ նորից կհանդիպենք օգոստոսի կեսերին, որից հետո ամեն շաբաթ բանակցություններ կանցկացնենք», - ասել է նա: Ռաաբի խոսքով, կողմերը միաժամանակ կքննարկեն դուրս գալու մասին համաձայնագրի տեքստը եւ բրեքսիտից հետո ԵՄ-ի եւ Բրիտանիայի ապագա հարաբերությունները:
«Ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ սկզբունքը մնում է ուժի մեջ», -ասել է Բարնյեն:
Դոմինիկ Ռաաբը, իր հերթին, ընդգծել է, որ ԵՄ-ում մնացող Իռլանդիայի եւ Բրիտանիայի կազմում գտնվող եւ ԵՄ-ից դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի սահմանային ռեժիմի ապահովման մասին Լոնդոնի վերջին տեխնիկական առաջարկները երաշխավորում են ԵՄ միասնական շուկայի ամբողջականությունը եւ չեն խախտում Մեծ Բրիտանիայի Սահմանադրությունը:





























