ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը կատակել է, որ կընդունի ռեստորան այցելելու նրա հրավերը, երբ Թուրքիայում ռուսական մսի մատակարարումներ սկսվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Էրդողանը Յոհանեսբուրգում Պուտինի հետ շփման ընթացքում, որտեղ տեղի է ունենում BRICS-ի գագաթաժողովը, նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները դրական են զարգանում բոլոր ուղղություններով եւ նույնիսկ ուրիշների նախանձն են առաջացնում:

 «Մյուս կողմից, մենք նկատում եւ տեսնում ենք, որ մեր համագործակցությունը ուրիշների մոտ նախանձ է առաջացնում», — ասել է Էրդողանը:

Իր հերթին Պուտինը հիշեցրել է նրան ռեստորանի հրավերի մասին:

 «Դուք ինձ ռեստորան էիք հրավիրում», — ասել է նա:

«Ես հրավիրում եմ», — պատասխանել է Էրդողանը:

«Մենք պայմանավորվեցինք, որ երբ դուք մսային արտադրանքը շուկայում կներկայացնեք, երբ ռեստորանում մեր մսով ուտեստները կլինեն, այդ ժամանակ էլ կճաշենք», — կատակել է Պուտինը:

«Հաճույքով կսպասեմ ձեզ», — ասել է Էրդողանը: