ՌԴ Պետդումայի պատգամավոր, երգիչ Իոսիֆ Կոբզոնը 10 տարուց ավելի պայքարում է ուռուցքային հիվանդության դեմ: Բժիշկները նշում են, որ երգչի մոտ ախտորոշված շագանակագեղձի քաղցկեղը բուժմանը լավ է ենթարկվում: Սակայն հոռետեսները նշում են, որ եթե երգչի առողջական վիճակի վատթարացման լուրերը ճիշտ են, ապա դա կարող է վկայել այլ օրգաններում մետաստազների մասին: Կոբզոնի ընտանիքն, այնուամենայնիվ, հերքում է լրատվամիջոցների տեղեկությունները, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
«Ինչպես ենթադրել է ուռուցքաբաններից մեկը, միանգամայն հնարավոր է, որ ուռուցքը մետաստազներ ունի մյուս օրգաններում»,- նշված է կայքի հրապարակման մեջ:
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ հենց դա կարող էր առաջացնել վիճակի սրընթաց վատթարացումը:
Արտիստի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները լրատվամիջոցներում օրերս են հայտնվել: Հրապարակումներում վկայակոչելով աղբյուրներին՝ հաղորդվում էր, որ Կոբզոնը վերակենդանացման բաժանմունքում է, միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Նախօրեին հաղորդվել էր, որ երգիչը կոմայի մեջ էր հայտնվել:
Մինչդեռ արտիստի մերձավորները տեղեկությունները հերքել են: Ինչպես հայտարարել են Կոբզոնի ընտանիքում, նրա հիվանդանոցում լինելը պլանային է, սպառնալից ոչ մի տվյալ չկա:
Երգչի ներկայացուցիչները նաեւ մեջբերել են հայտնի արտահայտությունը. «Իմ մահվան մասին լուրերը չափից ավելի չափազանցված են»:





























