Զիմբաբվեում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, հայտնում է Reuters գործակալությունը:
Տեղական ժամանակով 07:00-ին քվեարկությունը սկսվել է 10985 ընտրական տեղամասերում եւ կտեւի մինչեւ 19:00: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին կկարողանան մասնակցել ավելի քան 5,7 մլն քաղաքացիներ: Արդյունքները պետք է հրապարակվեն օգոստոսի 4-ին:
Աֆրիկյան երկրի պետական բարձրագույն պաշտոնին է հավակնում 23 թեկնածու, սակայն հիմնական պայքարը կընթանա գործող նախագահ 75-ամյա Էմերսոն Մնանգագվայի եւ 40-ամյա Նելսոն Չամիսի միջեւ: Քվեարկության նախօրեին փորձագետները նշել են, որ մրցակիցները գրեթե հավասար վարկանիշ ունեն, եւ երկրորդ փուլը բացառված չէ: Զիմբաբվեի խորհրդարանի մանդատների համար կպայքարեն 55 կուսակցությունների ներկայացուցիչները:
Անցկացվող ընտրությունները առաջինն են 1980 թվականին անկախություն հռչակած երկրի պատմության մեջ, որին չի մասնակցում ազգային-ազատագրական շարժման պատմական առաջնորդ Ռոբերտ Մուգաբեն, ում զինվորականները իշխանությունից հեռացրել են 2017 թվականի նոյեմբերին: Այդ ժամանակ զինվորականների հանդես գալու պատճառը առաջին փոխնախագահի պաշտոնից Մնանգագվային հեռացնելն էր, որի մասին որոշումը, տարածված կարծիքի համաձայն, ընդունվել էր նախկին առաջին տիկնոջ՝ Գրեյս Մուգաբեի ճնշմամբ, որը մտադիր էր ամուսնուց իշխանությունը ժառանգել: Երբ երկրի 93-ամյա նախագահը համաձայնվեց վաղաժամկետ հրաժարական տալ, Մնանգագվան դարձավ նախագահ՝ երդման արարողությանը խոստանալով ազնիվ ընտրություններ անցկացնել, վերականգնել Արեւմուտքի երկրների վստահությունը երկրի կառավարության հանդեպ եւ հասնել իր նախորդի ժամանակ Զիմբաբվեի դեմ նրանց սահմանած պատժամիջոցների վերացմանը:





























