Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին կրկին քննադատել է ԱՄՆ-ին առեւտրային տարաձայնություններում անհաշտ դիրքորոշման համար: Նա նշել է, որ Վաշինգթոնը դիտավորյալ չափազանցրել է այն գաղափարը, որ Միացյալ Նահանգները առեւտրային վեճում զոհ է, փոխանցում է Reuters-ը:
«Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրում անհավասարակշռության պատասխանատվությունը Չինաստանի վրա չի ընկած»,- հայտարարել է նա՝ պատճառների թվում նշելով ամերիկյան դոլարի գլոբալ դերը, սպառման ահռելի մակարդակը եւ բարձրտեխնոլոգիական արտահաման վրա ԱՄՆ սահմանափակումները:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները շահել է Չինաստանի հետ առեւտրից՝ մեծ քանակությամբ էժան ապրանք ստանալով, ինչը ձեռնտու է ամերիկացի սպառողին, ամերիկյան ընկերությունները նաեւ ահռելի առավելություն ունեն Չինաստանում:
Նա նշել է, որ ներկայիս լարվածությունը նախաձեռնել է Միացյալ Նահանգները, եւ Վաշինգթոնը պետք է իր խնդիրները լուծի Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում, այլ ոչ թե ԱՄՆ օրենսդրության համաձայն: «Չինաստանը չի ցանկանում առեւտրային պատերազմ, սակայն ԱՄՆ-ի կողմից ագրեսիվ վերաբերմունքին եւ իրավունքների խախտումներին դեմ հանդիման մենք պետք է հակամիջոցներ ընդունենք»,- ասել է նա:
«Չինաստանը դուռը բաց է թողնում բանակցությունների համար, սակայն երկխոսությունը պետք է հիմնվի հավասարության, փոխադարձ հարգանքի եւ կանոնների վրա: Ցանկացած միակողմանի սպառնալիք եւ ճնշում կունենա միայն հակառակ արդյունք»,- եզրափակել է նա:





























