Իսպանիայում եւ Պորտուգալիայում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել +48 աստիճանը, ինչը ռեկորդային ցուցանիշ կլինի Եվրոպայի համար:
Պատմության մեջ Եվրոպայի համար ռեկորդային ցուցանիշ է եղել +48 աստիճանը, որը 1977 թվականի հուլիսին գրանցվել է Հունաստանում: Փորձագետների խոսքով՝ Հյուսիսային Աֆրիկայից օդի նոր տաք հոսանքների արդյունքում կարող է ռեկորդ գրանցվել, հաղորդում է Standard.co.uk կայքը՝ վկայակոչելով բրիտանական օդերեւութաբանական ծառայությունը:
Իսպանացի օդերեւութաբանները նաեւ նախազգուշացնում են, որ շոգը կարող է Հունաստանի նման անտառային հրդեհների պատճառ դառնալ:
Անցյալ ամիս հյուսիսային կիսագնդում մի քանի ռեկորդ է գրանցվել: Այսպես. Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 29-ին օդի ջերմաստիճանը հասել է +31-ի, իսկ Թբիլիսիում ու Երեւանում՝ +40.5 եւ +42 աստիճան համապատասխանաբար:




























