Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 2-ին եռօրյա պաշտոնական այց է կատարելու Ղրղըզստան, եւ հանդիպումներ է ունենալու անցումային նախագահ Ռոզա Օթունբաեւայի, կառավարության ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւի, խորհրդարանի նախագահ Ահմադբեկ Կելդիբեկովի հետ: Այդ մասին հայտնել են հանրապետության ԱԳՆ-ից:

Նրա հանդիպումների հիմնական թեման լինելու է քաղաքական, տնտեսական եւ հումանիտար համագործակցության զարգացումը:

Սա Թուրքիայի վարչապետի առաջին այցն է Ղրղըզստան վերջին 8 տարում:

Այցի ընթացքում կայանալու է երկկողմ բիզնես-ֆորում, որին մասնակցելու են 300-ական գործարարներ յուրաքանչյուր կողմից:

Ղրղըզստանի կառավարության տվյալներով, Թուրքիան զգալի նյութական օգնություն է ցուցաբերել զինված ուժերին: Միայն անցած տարի ռազմական օգնությունը կազմել է 1 մլն դոլար: