ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը տեղեկություններ չունի, թե կա՞ն արդյոք կիսավեր մզկիթներ Ջավախքում, որոնք հնարավոր է վերականգնել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ինքը՝ Շիրակ Թորոսյանը, անդրադառնալով Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ պայմանավորվածությանը, ըստ որի Սամցխե-Ջավախքում կվերականգնվեն մզկիթներ, իսկ Թուրքիայի տարածքում՝ վրացական եկեղեցիներ:
«Եթե Վրաստանի իշխանությունները նման պայմանավորվածություն ունեն, որեւէ վատ բան չկա պատմամշակութային հուշարձանների վերականգնման մեջ: Սակայն, խնդիրն նրանումն է, որ կա որոշակի վտանգավոր միտում. երբ մզկիթ է վերականգնվում, դա նշանակում է, որ տարածաշրջանը հրապուրիչ է դառնում թուրք-մեսխեթցիների համար»,- նշել է Թորոսյանն ու հավելել. «Վրաստանը ԵՄ առջեւ պարտավորություն է վերցրել վերադարձնել թուրք-մեսխեթցիներին, որոնց բռնի արտաքսել են ստալինյան բռնաճնշումների ժամանակ, բայց այդ քաղաքականությունը հնարավոր չէ կիրառել Ջավախքում: Թուրք-մեսխեթցիները չեն կարող ապրել եղանակային նման դաժան պայմաններում»:
Թորոսյանը նշել է նաեւ, այդ շրջանները մզկիթները վերականգնելու միջոցով հրապուրիչ դարձնելու փորձը անարդյունավետ այլ է: Եթե մզկիթը վերանորոգվում է այնտեղ, որտեղ կան հավատացյալներ, դա լիովին բնական է, սակայն դա պետք է անի Վրաստանն իր միջոցներով, այլ ոչ Թուրքիան: «Դա անթույլատրելի է, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է պայքարել նման ծրագրերի դեմ՝ ուղղված Ջավախքի եւ Հայաստանի հայերի դեմ»:





























