Նոր Ընտրական օրենսգրքի հայեցակարգը պատրաստ կլինի օգոստոսին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
Նա հայտնեց, որ ԱԺ-ի հանձնաժողովը 35 առաջարկ է ներկայացրել վարչապետին առընթեր հանձնաժողովին։ «Այդ առաջարկների մեջ են թե՛ նրանք, որոնց շուրջ կա կոնսենսուս ԱԺ չորս խմբակցությունների միջեւ, թե՛ այնպիսիք, որոնց սատարում են մեկից ավելի խմբակցություններ։ Այն հարցերին, որոնց շուրջ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը դիրքորոշում չունի, առաջիկա նիստում կանդրադառնանք, եւ հայեցակարգի վերջնական տարբերակը պատրաստ կլինի օգոստոսին»,- հավելեց Իոաննիսյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ մինչ այս պահը քննարկված առաջարկներից երկուսը տեղ չեն գտնի նախագծում. «Օրինակ՝ մատնահետքերի միասնական բազայի եւ միայն նույնականացման քարտերի միջոցով քվեարկության առաջարկները տեղ չեն գտնի նախագծում, քանի որ դրանք առաջիկա ընտրություններում անիրագործելի են»։
Ինչ վերաբերում է ամբողջությամբ համամասնական ընտրակարգի վերաբերյալ ՀՀԿ-ի առաջարկներին, Իոաննիսյանը նշեց. «Մենք ստացել ենք երկու իրարամերժ առաջարկ, որոնցից ոչ մեկը չունի կոնսենսուս: Մեկը համամասնական ընտրակարգն է առանց որեւէ ռեյտինգի, մյուսը՝ համապետական բաց ցուցակները, էս պահի դրությամբ դա է, որ ստացել ենք։ Դավիթ Հարությունյանի բանավոր առաջարկները չենք ստացել»։ Նշենք, որ ամբողջական համամասնական ընտրակարգին դեմ է ՀՀԿ-ն։
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ տեխնիկական նորամուծությունները հնարավարություն ընձեռում են մինչեւ տարեվերջ կազմակերպել ընտրությունները։ «Ես կարծում եմ, որ ընտրությունները հնարավոր է կազմակերպել մինչեւ տարվա վերջ, բայց, այդուհանդերձ, չեմ կարծում, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան մինչեւ տարվա վերջ, բայց զուտ այն տեմպերով, որ քննարկում ենք օրենսգիրքը, ու տեխնիկական լուծումները, որ նախատեսում ենք, որոնք հեղափոխական լուծումներ չեն, այդ երկու հանգամանքները հիմք են տալիս պնդելու, որ տեխնիկական առումով խոչընդոտ չկա, հնարավոր է ընտրություններն անցկացնել այս տարի»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ օգոստոսին պատրաստ կլինի նաեւ բարեփոխված Ընտրական օրենսգրքի նախագիծը, որն Ազգային Ժողովի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին։





























