Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Այս մասին հայտնել է հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագիրը, վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է:

Նա հույս է հայտնել, որ հնարավորինս արագ Կարեն Ղազարյանի մասին լուր կունենան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերի արդյունքում:

Գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողները հայտնել են, որ իրենց արդեն այցելել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:

Աննա Հակոբյանը խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ղազարյանի ծնողները վարչապետի տիկնոջը փոխանցել են, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպմանը խոստացել են կապ հաստատել Կարենի հետ, սակայն դեռ չեն արել:

Վարչապետի տիկինն էլ ընդգծել է, որ այս պարագայում Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակը միջազգային ճնշումն է՝ ընդգծելով, որ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունից կախված որևէ բան լիներ:

Ղազարյանի ծնողները իրենց մտահոգությունն են հայտնել նաև այն կապակցությամբ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց որդուն ներկայացնում են որպես դիվերսանտ, ինչն արդեն հերքվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է. «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ եւ 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել է նա։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել էր, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, թե Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում: