«Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, սակայն ամեն ինչ կանի, որ այս գործընթացը ձգձգվի, ինչպես դա եղավ ապրիլի 23-ի փաստաթղթի դեպքում»,- ասօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Հարցին, թե արդյո՞ք արձանագրություններն այս տեսքով վավերացնելը ձեռնտու է Թուրքիային, թե՞ առանց ԼՂ խնդրում առաջխաղացման նախապայմանի, դրանք այլեւս ձեռնտու չեն լինի Թուրքիային, նա պատասխանեց. «Դրա համար նախ պետք է հասկանալ, թե Թուրքիայի խորհրդարանում, ընդհանրապես, ինչպես են գնահատում Հայաստանի փոխզիջման գնալու սահմանները: Եթե ասենք1-2 տարի առաջ նրանք այլ պատկերացում ունեին այդ կոմպրոմիսի մասին, ապա հիմա համարում են, որ Հայաստանն առավել հակված է փոխզիջման գնալու եւ բնականաբար հաշվի առնելով այդ հանգամանքը, թուրքական քաղաքական վերնախավը կարծում է, որ կարող է առավել մեծ զիջումներ կորզել Հայաստանից»:
Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ «Թուրքիան կհասցնի այնպիսի մի վիճակի, որ Հայաստանը ԼՂ-ի հետ կապված որոշակի ինչ-որ փաստաթղթեր կստորագրի, որը ֆորմալ առումով չի նշանակի, որ արդեն հայկական զորքերը դուրս են բերվում ազատագրված տարածքներից, բայց որոշ տեսական դրույթներ կլինեն, որտեղ արդեն կբացվի այն պատուհանը, որից հետո ճնշումները Հայաստանի վրա էլ ավելի կուժեղանան»:
«Ես չեմ բացառում, որ այս պայմաններում Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի այդ արձնագրությունները»,- իր խոսքն ամփոփեց Ե. Բոզոյանը:




























